Մայիսի 7-ին, մայրաքաղաքի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու ներքնահարկի սրահում ՀԱԵ Արցախի թեմը և Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանը համատեղ կազմակերպել են «Խաչով և հավատով կհաղթենք» խորագրով ցուցահանդես` նվիրված Սուրբ Խաչի երևման և մայիսյան տոներին:
«Խաչով և հավատով կհաղթենք». Ստեփանակերտում հոգևոր-մշակութային երեկո է կազմակերպվել՝ նվիրված Սուրբ Խաչի երևման և Մայիսյան տոներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հոգևոր մշակութային երեկոյի ընթացքում հոգևոր ու դասական ստեղծագործությունների կատարումներով է ներկայացել «Մռակած» պետական երգչախումբը (Հիմնադիր և ղեկավար ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարինե Մեսրոպյան): ՀԱԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի խոսքով նաև Խաչի երևման տոնի խորհրդով է տեղի ունեցել Շուշիի ազատագրումը:
«Հաղթանակի տոները վերարժևորելու, վերաիմաստավորելու, մեր ուժի աղբյուրը վերագտնելու տեսլիքով, Թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ նախաձեռնեցինք ևս մեկ հոգևոր-մշակութային երեկո՝ բաղկացած թեմատիկ ցուցահանդեսից և երգչախմբային կատարումից»,-ասել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:
Մեզ հետ զրույցում Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը տեղեկացրել է, որ ցուցահանդեսին ներկայացվել է հայ և արտասահմանցի լուսանկարիչների ու գեղանկարիչների շուրջ 50 ստեղծագործություն:
«Հիմնական թեմատիկան հայրենիքն է, բնաշխարհը, մեր հաղթանակները, ինչպես նաև աշխատանքներ, որոնք նոր հաղթանակներ կերտելու հույս են ներշնչում»,-ներկայացրել է Լ. Գասպարյանը: