Ասիական զարգացման բանկը և իր բաժնետեր երկրները պետք է բանկի կառավարիչների խորհրդի առաջիկա հանդիպման ժամանակ կոչ անեն Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ակտիվիստների և անկախ խմբերի նկատմամբ հետապնդումները:
Ասիական զարգացման բանկը պետք է կոչ անի Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել հետապնդումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 48-րդ ամենամյա հանդիպումը կայանալու է Բաքվում մայիսի 2-5-ը:
Ինչպես նշում է կազմակերպությունը, բանկն ընդունում է, որ կայուն զարգացման համար կարևոր նշանակություն ունի թափանցիկությունը և հաշվետվողականությունը, մինչդեռ Բաքվի հանդիպումը տեղի է ունենում այն ընթացքում, երբ Ադրբեջանի իշխանություններն աննախադեպ հետապնդումների են ենթարկում իշխանությանը քննադատող անկախ խմբերին:
«Ասիական զարգացման բանկն իր ամենամյա հանդիպումն անցկացնելու է Ադրբեջանում Բաքվի կողմից անկախ ձայների ավելի քան երբևէ դաժան հետապնդումների ֆոնին»,- ասել է Human Rights Watch-ում միջազգային ֆինանսական ինստիտուտների գլխավոր հետազոտող Ջեսիկա Էվանսը:
«Իր սկզբունքներին հավատարիմ մնալու համար բանկի ղեկավարությունը պետք է ճնշում գործադրի իշխանությունների վրա՝ ստիպելով վերացնել այն բոլոր սահմանափակումները, որոնք խոչընդոտում են ոչ կառավարական խմբերի և լրատվամիջոցների աշխատանքը՝ շեշտելով, որ դրանց ազատ գործունեությունը կարևոր է կայուն զարգացման համար»,- ասել է նա: