«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, հայտնի գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանի ընտանիքը, արձագանքելով մայիսի 25-ին Արցախում ծնված եռյակ տղաների ծննդյան ավետիսին, անվանական օրհնված ոսկյա խաչեր է նվիրել նորածիններին:
Հենրի, Տարոն և Տիրան նորածին եռյակը Ծառուկյան ընտանիքի կողմից օրհնված ոսկյա խաչեր է ստացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Խորհրդանշական նվերն այսօր` մայիսի 29-ին, Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի ներկայացուցչի` Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ հանձնվել է նորածինների մորը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մայրը՝ 38-ամյա Գայանե Ասրիբաբայանը նշել է, որ շոյված ու շնորհակալ է ուշադրության ու վերաբերմունքի համար։
Եռյակ եղբայրներին կոչել են Հենրի, Տարոն և Տիրան անուններով։
«Դուրս գրվելուց հետո դայակի անհրաժեշտություն կունենամ։ Հույս ունեմ, որ այդ հարցում ևս օժանդակություն կստանամ»,-հավելել է նորածինների մայրը։
«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի Նեոնատոլոգիայի բաժանմունքի վարիչ Նինա Հովհաննիսյանի հավաստմամբ` երեխաների առողջական վիճակը կայուն է։
«Նրանք շարունակում են ստանալ համապատասխան բուժում և խնամք և դուրս կգրվեն` լիովին պատրաստ իրենց կյանքի նոր շրջափուլին»,- իրազեկել է բժշկուհին: