Այսօր՝ հուլիսի 12-ին Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման մասնակիցները Ստեփանակերտում բողոքի ակցիա են նախաձեռնել՝ հանրությանը միանալու կոչ անելով։
Ստեփանակերտում Արցախի ապաշրջափակման նպատակով բողոքի ակցիա է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նախաձեռնության հեղինակ, հանրային գործիչ Արթուր Օսիպյանի խոսքով՝ Ադրբեջանը հստակ նշում է իր նպատակը՝ Արցախի ժողովրդին սովի մատնել և ստիպել ինտեգրվել. միակ ելքն ամեն գնով միջանցքը բացելն է:
«Շրջաններից ևս ցանկություն են հայտնել միանալ մեր նախաձեռնությանը, բայց այս ծանր պայմաններում դա հնարավոր չէ։ Այդ պատճառով պետք է դիմենք պատկան մարմիններին, որպեսզի տրամադրեն վառելիք կամ
տրանսպորտ, որ մեր հայրենակիցները միանան մեզ։ Ով դեմ է կենաց պայքարին, Արցախի թշնամին է։ Եթե ռուսները մեզ չօգնեն այս հարցում, մենք կդիմենք վճռական քայլերի»,-նշել է Ա. Օսիպյանը։
Նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Վանյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Միջանցքի ապաշրջափակման համաժողովրդական շարժման նպատակն է հայտարարել միջանցքը բացելու արշավ։
«Եկել է պահը, որ մենք ցույց տանք մեր միասնականությունը, ցույց տանք, որ մենք անտարբեր չենք ստեղծված իրավիճակի, մեր երեխաների ապագայի, մեր ճակատագրի հանդեպ։ Մեր հավաքին են միացել զոհված հերոսների մայրեր, կանայք ու երեխաներ։ Լռելով ոչնչի չենք հասնի, մենք մեր ձայնը պետք է լսելի դարձնենք աշխարհին։ Խանութներում սննդամթերք գրեթե չկա, մեր երեխաները քաղցի շեմին են։ Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»,-ասել է Դ. Վանյանը։