Շրջափակման հետևանքով Ստեփանակերտում նաև աղբահանության խնդիր է առաջացել:
Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է հայտնվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Սանմաքրում» համայնքային ըկերության տնօրեն Եղիշե Մանգասարյանն ասել է, որ ընկերությունն անում է հնարավորը խնդրին լուծում տալու և Ստեփանակերտի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի:
«Արցախի լիակատար շրջափակման պատճառով վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լուրջ խնդիրներ է առաջացնում։ Հնարավորության չափով կարողանում ենք դեռ ինչ-որ չափով կատարել աղբահանություն։ Այդուհանդերձ, եթե իրավիճակն այսպես երկար շարունակվի, ապա չենք կարողանալու լուծել աղբահանության խնդիրը»,-մանրամասնել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ հանգամանքը կարող է հակասանիտարական իրավիճակի հանգեցնել: