Այսօր՝ հուլիսի 25-ին, Արցախի Հանրապետության պետական օրհներգով Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում, մեկնարկել է համաժողովրդական հանրահավաք՝ Արցախի ապաշրջափակման և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու պահանջով:
Երևանում և Ստեփանակերտում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի Ազատության հրապարակից հանրահավաքի մասնակիցներին օրհնանքի խոսքով է դիմել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
«Այսօրվա իրականությունը գալիս է ևս մեկ անգամ մեզ հիշեցնելու, որ Արցախյան շարժումը չի ավարտվել և դեռ շարունակվում է: Այն մեզ համար պիտի դառնա հանապազօրյա հացի պես, դառնա ապրելակերպ, առաքելություն, գաղափար և պայքար: Արցախյան շարժման ընթացքին հազարավոր հայորդիներ հերոսացան ու անմահացան: Նրանց հոգևոր հայացքի ներքո մենք չպիտի սխալվենք, այլ ամբողջ ազգով դառնալով միասնական բռունցք, այդ շարժումը պիտի հասցնենք իր բարի ավարտին՝ ազատ, անկախ Արցախ»,-ասաց Սրբազանը՝ արցախցիներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական սերն ու աղոթքը:
Այնուհետև ներկայացվեել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին կաթողիկոսի տեսաուղերձը:
Ստեփանակերտի Վերածննդիր հրապարակում հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք: