Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում 2014-2015թթ. ուսումնական տարվանից մեկնարկելու է «Եվրասիական ինտեգրում» կրթական ծրագիրը:
«Եվրասիական ինտեգրում» ծրագիրը կնպաստի ԵԱՏՄ-ում երիտասարդության մերձեցմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Այս կրթական համալիր ծրագիրը նախատեսված է համալսարանի բարձր կուրսերի ուսանողների, ասպիրանտների, մագիստրոսների, ինչպես նաև բոլոր այն երիտասարդ գիտնականների համար, որոնք լծված են հանրության առջև ծառացած խնդիրների լուծման աշխատանքներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում կայացած շնորհանդեսի ժամանակ այս մասին հայտնեց Ռուսաստանի Սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամի վարչության նախագահը։
Նա նշեց, որ «Եվրասիական ինտեգրում» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել երիտասարդների քաղաքացիական դիրքորոշման կայացմանը, նրանց շրջանում հասարակական-պետական զարգացման ուղիների անհրաժեշտության, ինտեգրման գործընթացների մասին պատկերացում կազմելուն։ «Ես համոզված եմ, որ այս կրթական ծրագիրը նպաստելու է ԵԱՏՄ երկրների գիտական շրջանակների, մշակույթի գործիչների, գործարար միությունների, ուսանողների և երիտասարդների մերձեցմանը, ինչը շատ կարևոր է»,- ընդգծեց Անդրեյ Սերգեևը:
«Եվրասիական ինտեգրում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել տնտեսագիտություն, աշխարհաքաղաքականություն, քաղաքագիտություն և այլ առարկաներ, ինչպես նաև դասընթացում ներառվելու է մեծ դասախոսական նյութ, հրատարակվելու է մեթոդական գրականություն. Նախատեսվում է ստաժավորում ռուսական բուհերում։ «Ես համոզված եմ նաև, որ «Եվրասիական ինտեգրում» ուսումնական ծրագիրը մեծ ավանդ կլինի ժամանակակից եվրասիական հարթակի կառուցման գործում։ Ներկայում ԵԱՏՄ անդամ պետությունների բազմաթիվ համալսարանների հետ մենք քննարկում ենք, որ վերը նշված ուսումնական ծրագիրը ներառվի բուհերի կրթական ծրագրերում, որից հետո ուսանողները, մագիստրոսները, ասպիրանտները կարող են գրանցվել և անցնել այդ դասընթացն ու ստանալ համապատասխան դիպլոմ»,- պարզաբանեց Անդրեյ Սերգեևը և հավելեց, որ «Եվրասիական ինտեգրում» ուսումնական ծրագրի տևողությունը 11 ամիս է: