Եվրոպացի առաջնորդները պետք է Ռիգայի գագաթաժողովի ընթացքում հանդիպումներն օգտագործեն, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին կոչ անեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
ԵՄ-ն պետք է Ադրբեջանին կոչ անի ազատ արձակել քաղբանտարկյալներին. Human Rights Watch
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ contact.az-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Մայիսի 21-22-ին Ռիգայում Եվրոպայի 28 երկրների ներկայացուցիչները հնարավորություն ունեն խոսելու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
«Դա լավ հնարավորություն է, որպեսզի բարձրացնեն կառավարության քննադատներին ազատ արձակելու և ակտիվիստների դեմ ճնշումները դադարեցնելու հարցը»,-ասել է Human Rights Watch-ի ղեկավարը:
Կառույցի տարածած փաստաթղթում նշվում է, որ Եվրամիությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանի հետ սերտ համագործակցություն հնարավոր չէ, քանի դեռ իշխանությունները չեն բարելավել երկրում մարդու իրավունքների վիճակը:
ԵՄ արտգործնախարարներին ուղղված հատուկ նամակում իրավապաշտպան կառույցի ղեկավարը կոչ է անում խիստ պատասխան տալ Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ոտնահարումներին ու հրաժարվել մասնակցել Եվրոպական խաղերի միջոցառումներին: