Պատմաբան Ռայմոնդ Գեւորգյանի «Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ցեղասպանագետների համար, թարգմանվել եւ հրատարակվել է թուրքերեն:
Հայ պատմաբանի Հայոց ցեղասպանության մասին գիրքը հրատարակվել է թուրքերեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՄԱՅԻՍԻ 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թուրքական Demokrat Haber-ի հաղորդմամբ` գիրքը հրատարակել է թուրքական «Իլեթիշիմ Յայընլարը» հրատարակչությունը:
Գրքում հեղինակը հարցադրում է կատարում. «Աբդուլհամիդյան վարչակարգի դեմ միասին ընդդիմացած հայերը մի քանի տարի հետո կոտորվեցին երիտթուրքերի կողմից: Ինչ՞ է, 1895 թվականից հետո հայերը համակարգված կերպով սատանայացան» եւ, պատասխանելով այդ հարցին, պարզաբանում նաեւ Օսմանյան Թուրքիայի հայաբնակ քաղաքներում տեղի ունեցած իրադարձությունները:
Գրքում առաջին անգամ տեղ են գտել Պոլսո Հայոց պատրիարքարանի տեղեկատվական գրասենյակի փաստաթղթերը եւ 1918 թվականին իթթիհաթականների դատավարության ժամանակ օգտագործված արխիվային նյութերը, որոնցով բացահայտվում է նաեւ թուրքական մի երկրորդ հակահայկական «հատուկ կազմակերպության» գոյությունը:
Գիրքը խմբագրել են Ահմեթ Ինսելն ու Քերեմ Ունուվարը: Այն ֆրանսերենից թուրքերեն է թարգմանել Այշեն Թաշքենթ Էմեքչին: