Այսօր Ստեփանակերտի համար 8 ավագ դպրոցի մարզադահլիճում՝ ԼՂՀ մարտարվեստների ասոցացիայի նախաձեռնությամբ Արցախում առաջին անգամ տեղի է ունեցել խառը մենամարտերի (MMA) առաջնություն:
Արցախում առաջին անգամ անց է կացվել խառը մենամարտերի առաջնություն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ մարտարվեստների ասոցացիայի փոխնախագահ, ասոցացիայի գլխավոր մարզիչ՝ Գարեգին Աղաբալյանը նշել է, որ հունիսի 20-24-ը ԼՂՀ մարտարվեստների ասոցացիան և ՀՀ «Ռեալ Ֆայթ» խառը մենամարտերի հայկական ֆեդերացիան (MMA) անց են կացրել ուսումնամարզական հավաքներ, որին մասնակցել են տարբեր ֆեդերացիաների սաներ:
Հավաքների ընթացքում սեմինար պարապմունքները անց է կացրել «Ռեալ Ֆայթ» խառը մենամարտերի հայկական ֆեդերացիա»-ի (MMA) նախագահ և գլխավոր մարզիչ Ստեփան Շահմուրադյանը:
«Խառը մենամարտերի մրցաշարին կարող են մասնակցել ցանկացած մարզաձև ներկայացնող մարզիկներ, քանի որ ընդհանրացված մարտարվեստ է»,- ասել է գլխավոր մարզիչը և հավելել, որ այսօրվա մրցաշարին մասնակցել են 12-18 և բարձր տարիքային խմբի սաները:
«Առաջիկայում չունենք մրցաշարեր, և այսօրվա հաղթողները շարունակելու են պարապմունքները՝ հետագայում այլ մրցաշարերի մասնակցելու համար»,- նշել է Գ. Աղաբալյանը և ավելացրել, որ մրցաշարին աչքի են ընկել 14-15 տարիքային խմբի մարզիկները:
Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով ու մեդալներով: