Ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների դատավճիռը չափազանց անհանգստացրել և ափսոսանքի տեղիք է տվել Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին:
Եվրախորհրդարանի ղեկավարը դատապարտել է ադրբեջանցի իրավապաշտպան ամուսինների դատավճիռը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: contact.az-ի փոխանցմամբ` «Երկու առաջատար իրավապաշտպանների՝ Լեյլա և Արիֆ Յունուսների դատավճիռը չափազանց անարդար է։ Ի հավելումն՝ հաշվի չի առնվել ամբաստանյալների առողջական վիճակը։ Ես, ինչպես նաև Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, կոչ ենք անում ազատ արձակել բուժման կարիք ունեցող Լեյլա և Արիֆ Յունուսներին»,-ասված է Շուլցի հայտարարության մեջ։
Նա նաև անդրադարձել է լրագրողներ Ռասիմ Ալիևի սպանությանն ու Խադիջա Իսմայիլովայի դատավարությանը։
«Ռասիմ Ալիևի սպանությունն ու Խադիջա Իսմայիլովայի քրեական հետապնդումը, Լեյլա և Արիֆ Յունուսների դատավարությունն ու դատավճիռն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վրա իրականացվող ճնշումների օրինակներ են»,-ասել է նա։
Շուլցն Ադրբեջանի կառավարությանը հիշեցրել է մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների մասին, այդ թվում՝ ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» շրջանակներում։
«Ադրբեջանի իշխանություններն իրենց իսկ օգտի համար պետք է բարելավեն իրավիճակը»,-ասել է Եվրախորհրդարանի ղեկավարը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը տնտեսական հանցագործությունների մեղադրանքով Լեյլա Յունուսին դատապարտել էր 8.5, իսկ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման։