Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դիմում է ներկայացրել մեջլիսի նախագահություն` պահանջելով սեպտեմբերի 3-ին հրավիրել արտահերթ նիստ:
Թուրքիայի մեջլիսն արտահերթ նիստ կգումարի Սիրիայի և Իրաքի դեմ գործողություններ իրականացնելու մանդատը երկարաձգելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Դավութօղլուի գլխավորած կուսակցությունը ցանկանում է քննարկել դեռևս 2014 թվականի հոկտեմբերի 2-ին մեջլիսի կողմից ընդունված մանդատը, որը թույլատրում էր թուրքական զինուժին Սիրիայի և Իրաքի դեմ գործողություններ իրականացնել:
ԱԶԿ-ն մեջլիսից պահանջելու է մեկ տարով նախատեսված մանդատը երկարաձգել ևս մեկ տարով: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտահերթ նիստ անելու պահանջով ներկայացված դիմումի մեջ նշվում է, որ այդ քայլն անհրաժեշտ է` հաշվի առնելով երկրի անվտանգությանը սպառնացող վտանգները:
Նախատեսվում է նաև, որ մեջլիսի արտահերթ նիստի ժամանակ տեղի է ունենալու նաև երկրի ժամանակավոր կառավարության նախարարների երդմնակալության արարողությունը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը 2014 թվականի հոկտեմբերի 2-ին վավերացրել էր մանդատը, որը թույլ էր տալիս զինված գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքի դեմ: Ներկա 396 պատգամավորներից 298-ը կողմ էին քվեարկել կառավարության կողմից առաջադրված մանդատին, իսկ 98-ը` դեմ:
Հաշվի առնելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից Թուրքիային սպառնացող հնարավոր վտանգը` մանդատը ենթադրում էր, որ թուրքական զինված ուժերն անհրաժեշտության դեպքում կարող են անդրսահմանային ռազմական գործողություններ սկսել Սիրիայի և Իրաքի իսլամիստների դեմ: Միաժամանակ այն նախատեսում էր, որ օտարերկրյա զինուժը ևս կարող է տեղակայվել Թուրքիայի տարածքում: Մանդատը գործելու էր մեկ տարով:
Ուշագրավ է, որ մանդատին կողմ էին արտահայտվել ոչ միայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, այլ նաև ընդդիմադիր կուսակցությունները: