Սերբիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում մեր ընտրանու կազմում ամենատարեցը դարպասապահ Գևորգ Կասպարովն էր, ով փոխարինել էր ֆուտբոլային կարիերան վերջերս ավարտած Ռոման Բերեզովսկուն:
Գևորգ Կասպարովը Հայաստանի ընտրանու ամենատարեց ֆուտբոլիստների հնգյակում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փորձառու դարպասապահը խաղի օրը 35 տարեկան 41 օրական էր: Այս ցուցանիշով Կասպարովն ընդգրկվեց Հայաստանի ազգային հավաքականում մինչ օրս հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների հնգյակում:
Գևորգ Կասպարովը վերջին անգամ ՀՀ հավաքականի դարպասը պաշտպանել էր գրեթե մեկ տարի առաջ՝ 2014թ. հոկտեմբերի 14-ին ֆրանսիացիների հետ Երևանում կայացած ընկերական խաղում՝ 61-րդ րոպեին փոխարինելով Ռոման Բերեզովսկուն: Այդ պահին մեր ընտրանին 0:2 հաշվով զիջում էր մրցակցին: Կասպարովին էլ չհաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը: 84-րդ րոպեին Անտուան Գրիզմանը խոցեց Կասպարովի պաշտպանած դարպասը:
Ֆրանսիացիների հետ խաղի օրը Կասպարովը 34 տարեկան 81 օրական էր: Այդ օրը նա ընդգրկվեց Հայաստանի ազգային հավաքականում մինչ օրս հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանին, ով ազգային թիմում վերջին հանդիպումն անցկացրել էր 33 տարեկան 348 օրականում: Գևորգ Կասպարովը հանգրվանեց 8-րդ հորիզոնականում՝ շրջանցելով նաև Արթուր Ոսկանյանին (33 տարեկան 363 օրական) և Միշել Տեր-Զաքարյանին (34 տարեկան 78 օրական):
Գևորգ Կասպարովը ՀՀ հավաքականում նորամուտը նշել է 25 տարեկանում՝ 2005թ. հոկտեմբերի 12-ին հյուրընկալվելիս Անդորրայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Նա դարպասը պահեց անառիկ, իսկ խաղընկերները 3 գոլ խփեցին:
Հաջորդ անգամ Կասպարովին հավաքականի դարպասի պաշտպանությունը վստահվեց 2006թ. սեպտեմբերի 6-ին Երևանում Բելգիայի ընտրանու հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում, որում փորձառու դարպասապահն առաջին գոլը բաց թողեց: 41-րդ րոպեին Դանիել վան Բույտենի խփած միակ գոլը վճռեց հանդիպման ելքը:
Ընդհանուր առմամբ Գևորգ Կասպարովն ազգային հավաքականում 26 խաղ է անցկացրել, որոնցում բաց է թողել 31 գնդակ: 8 հանդիպումներում նրան հաջողվել է դարպասն անառիկ պահել: