Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանն իր գործունեությամբ առաջնորդվում է՝ հիմք ունենալով մայրաքաղաքի բնակչության կապը գրադարանի ու գրքի հետ ավելի սերտացնելու սկզբունքով:
Հայրենասեր ու կիրթ քաղաքացիներ ունենալու գործում գրադարանավարի առաքելությունը կարևոր է. Մարիա Խաչատրյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ առումով պարբերաբար կյանքի են կոչվել գրքի ու գրադարանի քարոզչության հետ կապված մի շարք ծրագրեր և միջոցառումներ՝ երիտասարդների, դպրոցականների և մտավորականների ներկայացուցիչների ընդգրկմամբ:
Դեռևս անցած տարի՝ քաղաքային գրադարանի գործունեության 50-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, Արցախի մշակույթի և երիտասարդության նախարարության կողմից հատկացվել են նոր համակարգիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում աստիճանաբար անցնել էլեկտրոնային ընթրցասրահ ստեղծելու ծրագրի իրագործմանը, ինչին էլ առաջիկայում ձեռնամուխ կլինեն գրադարանի աշխատակիցները:
Նախորդ տարվա համեմատ այս տարի զգալիորեն աճել է նաև քաղաքային գրադարանի ընթերցողների թիվը:
Մ. Խաչատրյանի հաղորդմամբ՝ նախորդ տարի գրադարանն ունեցել է 3000 ընթերցող. ընթացիկ տարում, Արցախի պետական համալսարանի հարևանությամբ գործող մասնաճյուղի հետ միասին արդեն մոտ 2800 ընթերցող օգտվել գրադարանի գրքային ֆոնդից: Մոտավոր հաշվարկով մինչև տարվա վերջ այդ թիվը կգերազանցի 3500-ը:
Անդրադառնալով գրադարանավարի միջազգային օրվա խորհրդին՝ Մ. Խաչատրյանը նշել է, որ, հաճելի զգացողությունների հետ միասին, մասնագիտական տոն օր ունենալը միաժամանակ նաև պարտավորեցնող է:
«Հաճելի է ունենալ մասնագիտական օր, որը գնահատված լինելով հանդերձ, նոր եռանդով ու ջանքով մեր սիրած աշխատանքին նվիրվելու ու ընթերցասեր հասարակությանը ծառայելու լիցքեր է հաղորդում»,- ասել է քաղաքային գրադարանի տնօրենը և հավելել, որ գրադարանավարի առաքելությունը նույնպես կարևոր նշանակություն ունի՝ հայրենասեր ու կիրթ քաղաքացիներ դաստիարակելու գործում: