Թեհրանի «Imam Ali Religious» արվեստի թանգարանում կայացել է հայազգի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի 78-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական միջոցառում:
Թեհրանում նշել են Լորիս Ճգնավորյանի ծննդյան օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Tehran Times-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել իրանցի մտավորականներ, քաղաքական գործիչներ, երաժիշտներ: Թեհրանի քաղաքապետարանի արվեստի եւ մշակույթի բաժնի տնօրեն Մահմուդ Սալահին, բարձր գնահատելով Ճգնավորյանի գործունեությունը, շեշտել է, որ նա չընկճվող եւ չհոգնող տեսակ է: «Այս տարիքում էլ նա այնպես է աշխատում եւ բեմում իրեն դրսեւում, ասես 30 տարեկան լինի»:
Իրանցի հայտնի լուսանկարիչ Ֆաքրեդին Ֆաքրդեինին, ով հայտնի է իրանցի հայտնիների սեւ եւ սպիտակ լուսանկարների շարքով, ընդգծել է Ճգնավորյանի գործունեությունը նկարչության ասպարեզում` շեշտելով, որ նա նույնքան վարպետորեն է նկարում, որքան բեմում երաժշտություն է մատուցում:
Լորիս Ճգնավորյանը ծնվել է Իրանում 1937թ.։ 1950-1954թթ. սովորել է Թեհրանի կոնսերվատորիայում (ջութակի բաժին), 1961թ. ավարտել Վիեննայի երաժշտական ակադեմիայի, ջութակի և կոմպոզիցիայի բաժիններ` կատարելագործվել Զալցբուրգի Մոցարտեումում և Միչիգանի համալսարանում: 1970-1975 թթ. եղել է Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրեն և ներկայացուցիչ-կոմպոզիտոր, օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, Փեհլևի մշակութային հիմնադրամի գլխավոր երաժշտական տնօրեն: Երկար տարիներ ապրել եւ աշխատել է Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում: 1978թ. Լոնդոնում հիմնել է Հայ երաժշտության ինստիտուտը: 1989 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանում, 1989-1998 և 1999-2000 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է եղել: 2010 թվականից ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Գրել է 5 օպերա, Ռեքվիեմ և բազմաթիվ այլ երաժշտական ստեղծագործություներ։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան և 1991 թվականին ոտքով քայլել է մինչև Գյումրի, որպեսզի երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի: Այդ օրերին է նկարահանվել «Ուխտագնացություն դեպի Գյումրի» կինոնկարը: