Կառավարության որոշմամբ՝ հիմնադրվել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամը:
«Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի ղեկավար է նշանակվել Հովհաննես Թոքմաջյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այն նպաստելու է հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան տեխնոլոգիական, ճարտարագիտական, ճարտարապետական, գյուղատնտեսական ուղղություններով բարձրագույն կրթությամբ մասնագետներ պատրաստելու գործին։
Այսօր կայացած կառավարության նիստում վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հիմնադրամի նորանշանակ տնօրեն Հովհաննես Թոքմաջյանին, ով, ըստ գործադիր իշխանության ղեկավարի, մեծ ներդրում ունի հատկապես հանրապետության քաղաքաշինության ոլորտում:
Կառավարությունը հաստատել է նաև բարձրագույն, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման՝ 2016-2017թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Մի շարք մասնագիտություններ են ավելացվել, հիմնականում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գործարկմամբ պայմանավորված: