Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել գերմանական հեղինակավոր Bild պարբերականին:
Պուտինը նշել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում ՌԴ-ի հիմնական սխալը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հոդվածի վերնագրում Պուտինի խոսքերից մեկն է՝ «Սահմաններն ինձ համար կարևոր չեն»։
ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ` հարցազրույցում Պուտինը պարբերականի լրագրողների հետ քննարկել է Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններին, Ղրիմի միացմանը, Անգելա Մերկելի հետ աշխատանքին վերաբերող և այլ հարցեր:
Անդրադառնալով Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Ռուսաստանի թույլ տված հիմնական սխալի մասին հարցին՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պետք է իր ազգային շահերի մասին հայտարարեր Խորհրդային միության փլուզումից անմիջապես հետո:
Մոսկվայի ոչ հստակ դիրքորոշումն այդ հարցում Պուտինը համարում է վերջին քառորդ դարի հիմնական սխալն Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում:
«Իհարկե, մենք ինքներս ենք մեղավոր, մեղադրելու ոչ ոք չկա»,- նկատել է Պուտինը՝ խոսելով այն սխալների մասին, որը Ռուսաստանը թույլ է տվել վերջին 25 տարում արտաքին աշխարհի հետ հարաբերություններում:
Նա հիշեցրել է, թե ինչ խնդիրներ են առաջացել երկրի ներսում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. արդյունաբերության կրճատում, սոցիալական համակարգի փլուզում, անջատողականություն և «միջազգային ահաբեկչության ակնհայտ հարձակում»։