Գերմանիայի Բունդեսթագում Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրի կողմից քննարկման դրված՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը քվեարկության չդրվեց:
Բունդեսթագում Ցեղասպանության մասին բանաձեւը վերադարձվեց հեղինակին՝ միջխմբակցական փաստաթղթի տեսք տալու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բուռն քննարկումներից եւ Օզդեմիրի բոցաշունչ ելույթից հետո, որին ներկա էր ն աեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որոշում կայացվեց բանաձեւը քվեարկության չդնել, այն հետ վերադարձնել հեղինակին՝ վերաձեւակերպելու եւ խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի հետ համաձայնեցված, միասնական միջխմբակցական բանաձեւի տեսքով ներկայացնելու համար:
«Ահա այստեղ հավաքվել են բոլոր քրիսոտնեական եկեղեցիների ներկայացուցիչները՝ հայ առաքելական, ասորական, սիրիական: Նրանց բոլորին միավորում է մեկ ցանկություն: Նրանք ցանկանում են, որ 100 տարի անց այստեղ բոլոր խմբակցությունները պատասխանատվություն ստանձնեն եւ ձեւակերպեն երեք կարեւոր կետ. առաջին՝ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ցեղասպանություն էր եւ պիտի կոչվի այդպես: Երկրորդ՝ գերմանացիները պետք է ընդունեն իրենց մեղքի բաժինը՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ: Երրորդ՝ այդ բեռը պետք է վերցվի ցեղասպանությունը վերապրածների սերունդներից, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասել է Օզդեմիրը: