Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում և մետրոյում իրականացված պայթյուններից հետո Բրյուսելում ՀՀ դեսպանատանը բացվել է թեժ գիծ ՀՀ քաղաքացիների համար:
Բելգիայում ՀՀ դեսպանությունը թեժ գիծ է բացել ՀՀ քաղաքացիների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիները կարող են զանգահարել +32.2.3484406 հեռախոսահամարով:
Բելգիայի ճգնաժամային կետնրոնի արտակարգ իրավիճակների հեռախոսահամարը 1771 է:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին որոտացել է 2 պայթյուն. ըստ նախնական տվյալների, կա 17 զոհ և առնվազն 30 վիրավոր: Բրյուսելի օդանավակայանի ադմինիստրացիան որոտացած երկու պայթյուններից հետո հորդորել է հեռու մնալ օդանավակայանի տարածքից: «Օդանավակայանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել: Կառույցից մարդկանց տարհանում են: Մի եկեք օդանավակայանի տարածք: Թռիչքները հետաձգվել են»,- ասվում է գրության մեջ: Ըստ որոշ տվյալների` պայթյունը տեղի է ունեցել American Airlines-ի թռիչքների սրահում:
Օդանավակայանից բացի, պայթյուն է որոտացել նաև քաղաքի մետրոյի «Մաալբեք» կայարանում: Հաղորդվում է 10 զոհի մասին:
Դեպքերի զարգացմանը հետևում է նաև Բրյուսելում ՀՀ դեսպանությունը:
Բրիտանական BBC-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցածը հաջորդել է 4 օր առաջ Բելգիայի ոստիկանության կողմից Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի ձերբակալությանը: