Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունը Բրյուսելում շարունակում է իր աշխատանքները Եվրանեսթ ԽՎ-ի 5-րդ լիագումար նիստի շրջանակներում։
Արտակ Զաքարյանը Բրյուսելում զորակցություն է հայտնել ահաբեկչություններից տուժածների հարազատներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը` նշելով, որ առավոտյան բյուրոյի նիստում արտահայտել է պատվիրակության վրդովմունքը կատարվածի վերաբերյալ ու զորակցություն հայտնել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին։
Արտակ Զաքարյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարաբերությունների, մարդու իրավունքների ու ժողովրդավարության հանձնաժողովում «Եվրամիության անդամ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքականությունների և այդ երկրների անվտանգությանը սպառանցող մարտահրավերների վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումներ և մտահոգություններ» թեմայով զեկույցի համազեկուցող է:
ՀՀ Ազգային ժողովի ինը պատգամավորներ Բրյուսելում են` մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 21-23-ը Բրյուսելում է ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 20-24-ը Բրյուսել են Արտակ Զաքարյանը, Հովհաննես Սահակյանը, Միքայել Մելքումյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը եւ Վահե Էնֆիաջյանը:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին որոտացել է 2 պայթյուն, որին հաջորդել է պայթյունը մետրոյի «Մաալբեք» կայարանում. ըստ նախնական տվյալների, զոհվել է 23 մարդ, ավելի քան 35-ը վիրավորվել են: Բրյուսելի օդանավակայանի ադմինիստրացիան որոտացած երկու պայթյուններից հետո հորդորել է հեռու մնալ օդանավակայանի տարածքից: