Ողջունում ենք Հավայի նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ԼՂՀ ճանաչման մասին բանաձևի ընդունումը։
ԱՄՆ Հավայի նահանգի կողմից ԼՂՀ ճանաչման մասին բանաձևը լրացուցիչ խթան կհանդիսանա արցախյան պետականության ամրապնդման համար. ԼՂՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսով, Հավային դարձավ ԱՄՆ 7-րդ նահանգը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը։
Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տված մեկնաբանությունում։
«Շնորհակալ ենք նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս գործում։ Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է և մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, այս գործընթացում նոր հաջողությունների հասնելու համար։
Համոզված ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը լրացուցիչ խթան կհանդիսանա արցախյան պետականության և, մասնավորապես, նրա ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման ու ամրապնդման համար։
Այն նաև դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ ապահովելով նրա անդառնալիությունը և թույլ տալով կենտրոնանալ ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված երկու անկախ, ինքնիշխան պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության խաղաղ համագոյակցության անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակման վրա»,–ասել է պաշտոնյան: