Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի խոսուն ապացույցը հայկական կողմում Ադրբեջանի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողների դիակների եւ խոցված տեխնիկայի առկայությունն է:
Դավիթ Տոնոյանը ԵՄ երկրների դեսպաններին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
ՀՀ ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը դեսպաններին ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կողմից Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի հետեւանքով իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի խոսուն ապացույցը հայկական կողմում Ադրբեջանի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողների դիակների եւ խոցված տեխնիկայի առկայությունն է:
Հանդիպման մասնակից դեսպանները խորը մտահոգություն են հայտնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին 24 ժամվա ընթացքում իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:
Քննարկվել են նաեւ Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր դրդապատճառները եւ ռազմական գործողությունների վերջնարդյունքից Ադրբեջանի ակնկալիքները:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԵՄ անդամ պետությունների դեսպանների ուշադրությունը հրավիրել է նաեւ հայ զինծառայողների մարտական բարձր պատրաստվածության, տոկունության եւ հայկական կողմի զուսպ, հավասարակշռված գործողությունների վրա: