ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություններով:
Համանախագահները ԿԽՄԿ-ին խնդրել են ուսումնասիրել խաղաղ բնակիչների սպանության և մարմիների խեղման դեպքերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` ի պատասխան «Արմենպրես»-ի այն հարցի, թե ինչպես են համանախագահները վերաբերվում ադրբեջանական զինվորականների և վարձկանների կողմից խաղաղ բնակիչների սպանություններին և սպանված քաղաքացիական անձանց ու զինվորականների մարմինների խեղման դեպքերին:
«Տեսել ենք լուսանկարները, լսել ենք այդ մասին տեղեկությունները: Այս հարցը մայրաքաղաքներում ևս բարձրացրել ենք: Կցանկանայի կրկնել, որ խորապես մտահոգված ենք մարդու իրավունքների խախտումների ցանկացած դեպքի առնչությամբ»,- նշեց Ուորլիքը:
Նա նաև տեղեկացրեց, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպումներում համանախագահներն անդրադարձել են այս հարցին և խնդրել նրանց մանրամասն ուսումնասիրել արձանագրված դեպքերը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ),Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ապրիլի 5-ից տարածաշրջանում են: Բաքվում հանդիպումներից հետո նրանքայցեցել են Ստեփանակերտ, հանդիպել Արցախի իշխանությունների հետ, ապա եկել Երևան: ՀՀ Նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ հանդիպումներից հետո նրանք այցի արդյունքներն ամփոփում են հայաստանյան լրատվամիջոցների համար: