Հայկական մի շարք լրատվական կայքերի տարածած այն տեղեկատվությունը, թե իբրև հակառակորդն այսօր կրկին խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, և այս պահին առավել լարված է Մատաղիսի և Թալիշի սահմանին, իրականությանը չի համապատասխանում:
Թարմ տեղեկատվություն Մատաղիս և Թալիշ համայնքներից. իրավիճակը հանգիստ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ հեռախոսազրույցում րոպեներ առաջ տեղեկացրել է Մարտակերտի թիվ 7 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սերգեյ Հարությունյանը:
«Իրավիճակն, ընդհանուր առմամբ, Թալիշում և Մատաղիսում հանգիստ է: Առաջնագծում այդ ուղղություններով հակառակորդի կողմից հատուկենտ կրակոցներ կային, բայց այս պահին սահմանին դրությունը լարված չէ»,- ասել է ԱԺ պատգամավորը և հավելել, որ ինքը մեկ ժամ առաջ է վերադարձել նշված բնակավայրերից, իսկ ավելի ստույգ՝ րոպեներ առաջ կրկին զանգել է և տեղերից ճշտել առկա իրավիճակը:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին ժամը 15:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Հայկ Վազգենի Մինասյանը:
ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը` ժամը 15:55-20:00 ընկած ժամանակահատվածում շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ), արևելյան (Ասկերան) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ականանետերից ինտենսիվորեն արկակոծել է պաշտպանության բանակի մարտական հենակետերը: Կիրառվել են 60 (14 արկ) և 82 (99 արկ) միլիմետրանոց ականանետեր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու և առաջնագծում տիրող իրադրությունը կայունացնելու համար դիմել են կանխարգելիչ գործողությունների:
Լուսանկարը՝ Hetq.am-ի