Ռուսական «Башнефть» նավթային ընկերության մասնավորեցման գործով, որի շրջանակում ձերբակալվել է հայ գործարար Լևոն Հայրապետյանը, նոր մեղադրյալ է հայտնվել:
Լևոն Հայրապետյանին առնչվող գործով նոր մեղադրյալ է հայտնվել
Ռուսական «Башнефть» նավթային ընկերության մասնավորեցման գործով, որի շրջանակում ձերբակալվել է հայ գործարար Լևոն Հայրապետյանը, նոր մեղադրյալ է հայտնվել: Քննությունը որոշում է կայացրել գործում որպես մեղադրյալ ներգրավել «Башнефть» ընկերության նախկին տնօրեն, Բաշկորկոստանի նախկին նախագահի որդի Ուրալ Ռախիմովին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, վկայակոչելով ԹԵՐԹ.am-ին, ИТАР-ТАСС գործակալությանը հաստատել է «Башнефть» ընկերության նախկին տնօրենի փաստաբան Իլնուր Սալիմյանովը:
Ռախիմով Կրտսերը մեղադրվում է «Башнефть»-ի մասնավորեցման ընթացքում անօրինական ճանապարհով ստացած դրամական միջոցների օրինականացման և վատնման համար:
Հուլիսին Մոսկվայի Բասմանի դատարանի որոշմամբ կալանքի տակ էր առնվել գործարար Լևոն Հայրապետյանը, ով մեղադրվում է փողերի յուրացման և վատնման մեջ: Ենթադրվում է, որ Հայրապետյանը մասնակցել է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Башнефть»-ի բաժնետոմսերի վաճառքին: