Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չաքրաբարտին մայիսի 24-25-ին Բաքու այցի ընթացքում պետք է բարձրաձայնի մարդու իրավունքների վիճակին առնչվող հարցեր, ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրության մեջ։
ՎԶԵԲ-ի ղեկավարը պետք է Բաքվում բարձրացնի Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը. Human Rights Watch
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ադրբեջանի կառավարության ճնշումներն ընդդեմ անկախ ձայների չեն համապատասխանում բանկի կանոնադրությանը՝ միակ միջազգային ֆինանսական կազմակերպության, որը քաղաքական մանդատ ունի բազմակուսակցական ժողովրդավարության ու բազմակարծության հանդեպ»,-ասված է փաստաթղթում։
Ադրբեջանի կառավարությունը հարձակում է իրականացնում լրագրողների, լրատվամիջոցների, հասարակական ակտիվիստների, անկախ հասարակական կազմակերպությունների վրա»,-ասել է Human Rights Watch-ի ավագ գիտաշխատող Ջեսիկա Էվանսը։
«Կառավարությունը խախտում է նաև քաղաքացիական ու քաղաքական իրավունքը, որը պահանջվում է ՎԶԵԲ-ի կանոնադրությամբ»,-ասել է նա։
Բացի այդ, բանկը հաճախորդներից պահանջում է երկրի ռեսուրսների արդյունավետ կառավարման համար կատարել հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության նախաձեռնության սկզբունքներն ու պահանջները։
Իր նամակում HRW-ը Չաքրաբարտիին կոչ է արել մտահոգություն հայտնել Ադրբեջանի կառավարության կողմից մարդու իրավունքների խախտումների առնչությամբ, կառավարությանը կոչ անել բարեփոխումներ անցկացնել, ազատ արձակել ակտիվիստներին, լրագրողներին և կառավարության քննադատներին, որոնք բանտարկվել են քաղաքական դրդապատճառներով, այդ թվում՝ լրագրող Խադիջա Իսմայիլովային։
Նաև կոչ է արվել պահանջել դադարեցնել ճնշումը հասարակական կազմակերպությունների ու դրանց աշխատակիցների վրա, ապասառեցնել նրանց բանկային հաշիվները, չեղարկել սահմանափակող օրենքները լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների համար և թույլատրել դրանց ֆինանսավորումն արտերկրից։