Երևանում անցկացվող «Կովկաս- 2015» միջազգային գիտաժողովի մեկնարկին այսօր Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը հայտարարեց, որ ապրիլին Ղարաբաղում տեղի ունեցածը հիշեցրել է իրավիճակի փխրունության մասին:
Ապրիլին Ղարաբաղում տեղի ունեցածը հիշեցրեց իրավիճակի փխրունության մասին. ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Կովկասը մեր գործունեության կարևոր մասն է՝ սկսած իմ դիվանագիտական գործունեության սկզբից: Շվեյցարիան այն ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբում էր: Այս 20 տարիների ընթացքում շատ քիչ բան է փոխվել Մինսկի խմբում: Ապրիլին տեղի ունեցածը մեզ հիշեցրեց իրավիճակի փխրունության մասին, որովհետև, ինչպես ասացի, քիչ բան է փոխվել»,- ասել է դեսպան Լուկաս Գասսերը, հաղորդում է Tert.am-ը:
Նա նշեց նաև, թե իրենց այս տարածաշրջանում պետք են վստահելի գործընկեր երկրներ, որոնցում կայունությունը կարևոր է:
Գիտաժողովին մասնակից «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Գիորգի Կանաշվիլին էլ ասաց, թե 2015 թվականը Վրաստանում եղել է հետաքրքիր, և արդեն 4-րդ տարին է քաղաքական կյանքը Վրաստանում բնորոշվում է ակտիվությամբ, երբեմն հիստերիկ պոռթկումներով:
«Քաղաքական կյանքը Վրաստանում կայունացել է, 2015 թվականը բացառություն չէր: Մեզ մոտ խորհրդարանական ընտրություններ են, ես կարծում եմ՝ հենց դրա վրա պետք է շեշտադրում անել: Ամենից հետաքրքիրը տեղի ունեցավ նախորդ տարեվերջին, երբ Ղարիբաշվիլին հայտարարեց, որ հեռանում է»,- ասել է Գիորգի Կանաշվիլին, ապա շարունակեց, թե Ղարիբաշվիլին ընդգծել էր, որ իր ղեկավարման շնորհիվ տնտեսական աճ է գրանցվել, մեդիան ավելի ազատ է դարձել:
Հետազոտական կենտրոնի տնօրենի խոսքով՝ վերոնշյալ և մի շարք այլ ձեռքբերումներ նշելուց հետո Ղարիբաշիլու հեռանալը, ինչ խոսք, զարմանալի էր:
«Նա իր հեռացումը բացատրում էր երկրում նոր քաղաքական մշակույթի ձևավորմամբ: Ղարիբաշվիլու հեռանալու իրական պատճառներից մեկը հանրության շրջանում նրա կառավարումից դժգոհությունն էր, նա բավական երիտասարդ էր, չկարողացավ աշխատել Մարգվելաշվիլիի հետ, լարված հարաբերություններ ուներ «Վրացական երազանքի»՝ իշխող կուսակցության հետ, իսկ չար լեզուներն ասում են, որ նա կոռուպցիոն գործընթացների մեջ էր ներգրավված, որի պատճառով Բիձինա Իվանիշվիլին դժգոհ էր: Նրան հաջորդեց Կվիրիկաշվիլին: Ի տարբերություն Ղարիբաշվիլու՝ ներկա վարչապետը, կարող ենք ասել այս մի քանի ամսվա կառավարման դիտարկումից, ավելի կոնստրուկտիվ է, փորձում է դրական հարաբերություններ կառուցել այլ կուսակցությունների հետ»,- ասել է Գիորգի Կանաշվիլին:
Երկրորդ ուղղությունը, որ ընդգծեց բանախոսը՝ քաղաքական ուժերի ֆրագմենտացիան է և կոնսոլիդացիան: «Տնտեսական զարգացման առումով առանձնահատուկ բեկումներ չկան: Մոտավորապես երեք տոկոս տնտեսական աճ է գրանցվել, լարին կայունանում է, պատճառը ոչ ոք չի հասկանում, հավանաբար՝ ընտրություններն են պատճառը, գործազրկությունը 1.7 տոկոսով նվազել է, աշխատավարձերը բավական բարձրացել են: Ամեն դեպքում, հարևանների հետ համեմատած՝ Վրաստանում կյանքը առավել դեմոկրատական է»,-եզրափակեց Գիորգի Կանաշվիլին: