Արցախի Հանրապետության խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում, հունիսի 24-ին, պետական օրհներգի հնչյունների ներքո իր աշխատանքները սկսեց ԼՂՀ Ազգային ժողովին կից երկրորդ գումարման Երիտասարդական խորհրդարանը (ԵԽ):
Այսօր աշխատանքներն է սկսել ԼՂՀ Ազգային ժողովին կից երկրորդ գումարման Երիտասարդական խորհրդարանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ողջունելով նորընտիր Երիտասարդական խորհրդարանի անդամներին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այսօր, առավել քան երբեւէ, Արցախը կարիք ունի ստեղծագործ մտածողությամբ, լեզուների իմացությամբ եւ տեխնոլոգիաների տիրապետող երիտասարդ ու հայրենասեր մասնագետների: «Մեր երկրի աշխարհագրական դիրքն ու քաղաքական կարգավիճակը հուշում են մշտական զգոնություն եւ պատրաստվածություն ոչ միայն երկրի սահմանները պաշտպանելու գործում, ինչը չափազանց կարեւոր է, այլեւ՝ մեր ժողովրդի իրավունքների ու շահերի արժանապատիվ ներկայացում եւ´ երկրի ներսում, եւ´ նրա սահմաններից դուրս», - ընդգծել է Աշոտ Ղուլյանը:
Նիստի վարումը շարունակել է Երիտասարդական խորհրդարանի նախագահ Մուշեղ Ալավերդյանը: ԵԽ նախագահը վստահեցրել է, որ նոր գումարման Երիտասարդական խորհրդարանի գործունեությունն ուղղված կլինի երիտասարդություն-իշխանություն երկխոսության ամրապնդմանն ու փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:
Այնուհետեւ տեղի է ունեցել Երիտխորհրդարանի նորընտիր կազմի երդման արարողությունը:
Շարունակելով Երիտասարդական խորհրդարանի ձեւավորման աշխատանքները՝ ԵԽ-ն հաստատել է հաշվիչ հանձնաժողովի կազմը, որը կգործի մինչեւ երկրորդ գումարման Երիտխորհրդարանի լիազորությունների ավարտը:
Նշենք, որ երկրորդ գումարման Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկված են Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների եւ ինքնաառաջադրման կարգով ընտրված ներկայացուցիչներ, թվով 33 երիտասարդ՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական կազմին համանման։ Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների ձեւավորումը եւս կատարվել է ԱԺ-ում գործող յոթ մշտական հանձնաժողովների նմանությամբ: ԵԽ կարգի համաձայն, նախագահի եւ հանձնաժողովների նախագահների ընտրման հիմքում ռոտացիոն սկզբունքն է՝ այբբենական կարգով, մեկ նստաշրջան ժամանակահատվածով: