Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի տղամարդկանց 57 կգ եւ 74 կգ քաշային ըմբիշների կշռման արարողությունն ու վիճակահանությունը:
Ռիո-2016. Գառնիկ Մնացականյանը կմեկնարկի աշխարհի փոխչեմպիոնի հետ գոտեմարտով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մրցաձեւում Հայաստանի առաջին ներկայացուցիչ 27-ամյաԳառնիկ Մնացականյանը 57 կգ քաշայինների մրցաշարում պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի աշխարհի 2013թ. չեմպիոն, Լաս Վեգասում կայացած աշխարհի 2015թ. առաջնության արծաթե մեդալակիր, իրանցի 26-ամյա Հասան Ռահիմին: Հաղթանակի դեպքում հայ ըմբիշը 1/4 եզարափակիչում կմրցի Վիկտոր Լեբեդեւ (Ռուսաստան) – Սանդեպ Տոմար (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ: Աշխարհի կրկնակի չեմպիոն Վիկտոր Լեբեդեւ բրոնզե մեդալ է նվաճել Լաս Վեգասում կայացած աշխարհի 2015թ. առաջնությունում:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո են մեկնել նաեւ Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ): Լեւան Բերիանիձեն կմեկնարկի օգոսոտոսի 20-ին, իսկ 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը եւ Գեորգի Կետոեւը հանդես կգան Օլիմպիական խաղերի վերջին օրը՝ օգոսոտոսի 21-ին: