Ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-23-ը Երևանում կայանալիք բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության մեծահասակաների առաջնությանը մասնակցելու է նաև արցախցի 3 մարզիկ:
Արցախցի մարզիկները մասնակցելու են բռնցքամարտի ՀՀ մեծահասակաների առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ-ից հրավիրված Ստեփանակերտի բռնցքամարտի մարզիչ Գևորգ Թորոսյանը և նշել, որ արդեն այս տարվա մարտ ամսից Ստեփանակերտի մանակապատանեկան մարզադպրոցում անց է կացվում բռնցքամարտի մարզումներ:
«Բռնցքամարտի մարզումներին ներգրավված են 4 տարիքային խումբ. ընդհանուր թվով` 77 մարզիկ: Պարապելով մի քանի ամիս` արցախցի մարզիկները սեպտեմբերի 16-18-ը մասնակցել են ՀՀ Մարտունի քաղաքի Հարություն Հարությունյանի բռնցքամարտի հուշամրցաշարին և գրավել առաջատար տեղեր»,-ասել է Գ. Թորոսյանը և հավելել, որ ինչպես Գյումրին է սպորտում առաձնանում, այնպես էլ Արցախն է ամեն առումներով հպարտություն ողջ հայության համար: Գ. Թորոսյանի խոսքով` Արցախի բնակլիմայական պայմաններն էլ են նպաստում արցախցի երեխաների ֆիզիկական պատրաստությանը, ճկնությանը, հաստատուն կամքին և այլն:
«Առաջիկայում` հոկտեմբերի 4-ից, Ճարտար քաղաքում բացվելու է բռնցքամարտի 2 խմբակ. պարապմունքները անց են կացվելու Մոնթե Մելքոնյանի անվան նոր մարզահամալիրում: Արցախի բոլոր շրջաններում բռնցքամարտը պետք է զարգանա. մենք պետք է ունենանք բռնցքամարտի խմբակներ:
Քանի որ բռնցքամարտում սպորտի տարրերը բավականին շատ են, դրա համեր էլ պետք է ավելի մեծ ջանք թափենք, լուրջ աշխատանքներ տանենք: Մեր առջև մենք պետք է խնդիր դնենք նորանոր բարձունքներ նվաճելու: Կարևոր է նաև երեխաների սննդի հարցի կազմակերպումը: «Առողջ մարմնում` առողջ հոգի» կարգախոսով պետք է առաջնորդվենք:
Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա նաև լավ մանկավարժ-մարզիկ, ով, ամբողջությամբ հասկանալով երեխային, կմատուցի սպորտի ձևերն ու հնարքները, գաղտնիքներն ու նպատակները:-ասել է մարզիչը և ընդգծել,-Իմ մարզիկները գիտեն, որ պայքարում ենք մեկը` բոլորի, բոլորը` մեկի համար սկզունքով»:
Բռնցքամարտի մարզիկ Ռոբերտ Առուշանյանը մեզ հետ զրույցում, նշել է որ ինքը 4-5 ամիս է ինչ պարապում է:
«Պարապմունքների ժամանակ սովորում ենք բռնցքամարտի կանոնները, կատարում վարժություններ, օգտվում դահլիճում գտնվող սպորտային պարագաներից:
Երազում եմ ապագայում դառնալ օլիմպիական չեմպիոն, որպեսզի ծնողներս ու ողջ հայությունը հպարտանան ինձնով»,-ասել է Ռ. Առուշանյանը:
Արմեն Ասրյանն էլ 7 ամիս է, ինչ հաճախում է բռնցքամարտի պարապմունքներին:
«Տասներկու տարեկանից զբաղվում եմ սպորտով: Ինձ շատ է դուր գալիս այս սպորտաձևը:
Քրտնաջան ու համառ պարապելու եմ. չեմպիոն դառնալու ակնկալիքներ եմ փայփայում` միշտ բարձր պահելով Արցախի եռագույնը»,- ասել է Ա. Ասրյանը: