Հոկտեմբերի 11-ին «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի խաղահրապարակում մեկնարկել է Ստեփանակերտ քաղաքի աշխատակազմերի միջև մինի-ֆուտբոլի առաջնություն:
Ստեփանակերտում ընթանում է մինի-ֆուտբոլի առաջնություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջնությանը մասնակցում են ֆինանսների, գյուղատնտեսության, կրթության, գիտության և սպորտի նախարարությունների, արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ), ոստիկանության, «Ղարաբաղ տելեկոմ»-ի, «Հելո թրասթ»-ի և երաժշտական քոլեջի թիմերը:
«Առաջնությանը մասնակցող 8 թիմերը մրցում են 2 ենթախմբերում, որոնցում առաջին երկու տեղեր զբաղեցրած թիմերը իրար հետ խաչաձև խաղալու են կիսաեզրափակչում: Ստեփանակերտ քաղաքի աշխատակազմերի միջև մինի-ֆուտբոլի առաջնությունն արդեն 8-րդ տարին է անցկացվում: Մեր նպատակն է մարդկանց մեջ առողջ ապրելակերպի սերմանելը: Այդ պատճառով ընտրել ենք ֆուտբոլը, քանի որ այն տարածված մարզաձև է: Նախորդ տարվա չեմպիոն ԱԻՊԾ-ի թիմն այս տարի նույնպես շատ լավ է մեկնարկել ու հաղթելու լուրջ հավակնություն ունի»,- մեզ հետ զրույցում մասնավորապես ասել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության սպորտի վարչության ֆեդերացիաների հետ համագործակցության բաժնի պետ Վալերի Հայրիյանը: