Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիան կարևոր է համարում Ռաքքայի ազատագրման գործողությանը տեղական ուժերի մասնակցությունը։
Ռաքքայի ազատագրումը պետք է իրականացվի տեղի ուժերի մասնակցությամբ. Թուրքիայի կառավարության խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Ինչպես Ջերաբլուսի և Մոսուլի դեպքում, մենք համոզված ենք, որ Ռաքքայում կոալիցիոն ուժերի հետ միասին պետք է պայքարեն տեղական ուժերից կազմված ջոկատները: Մենք նաև կարծում ենք, որ Ռաքքայի գործողության մեկնարկը ճիշտ կլինի տալ Մոսուլի գործողության ավարտից հետո միայն»,- հայտարարել է Քուրթուլմուշը:
Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ:
Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17-ին՝ իրաքյան բանակի ու քրդական ջոկատների մասնակցությամբ։ Նրանց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան։