Գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման շրջանակներում այսօր ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում մեկնարկել է հողօգտագործողների վերապատրաստման դասընթացներ, որտեղ կներառվեն գյուղատնտեսության բոլոր ճյուղերը:
Մեկնարկել է հողօգտագործողների վերապատրաստման դասընթացները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բացման խոսքով միջոցառմանը հանդես է եկել ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, ով բարձր է գնահատել Արցախում նման դասընթացների կազմակերպումը, ներկայացրել է հողօգտագործողների վերապատրաստման մեկամսյա դասընթացների նպատակներն ու խնդիրները` տալով նաև այդ խնդիրների լուծման ուղիները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ գյուղատնտեսության նախա-րար Արամ Մխոյանն ասել է, որ դասընթացներին մասնակցում են նախապես հայտագրված հողագործներն ու հողի մշակությամբ զբաղվելու համար ցանկություն ունեցող քաղաքացիները:
«Երկրագործության թեմայով այս դասընթացի առաջին փուլին մասնակցում է 35 հոգի, սակայն հայտագրվածների թիվն անցնում է 100-ը: Դասընթացը շարունակական է լինելու և ընդգրկվելու են բոլոր հայտագրվածները: Փորձում ենք հնարավորինս զերծ մնալ ակադեմիական ուսումնական մեթոդներից:
Դասընթացները վարելու են հիմնականում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան բաժինների պրոֆեսիոնալ մասնագետները: Մենք դասընթացներին փորձելու ենք լսարանին փոխանցել ավելի մատչելի, առարկայական գիտելիքներ. որպեսզի դրանք ավելի տեսանելի ու հասկանալի լինեն և այդ ամենը ցուցադրվելու է սլայդների միջոցով: Մեր նպատակը ոչ թե պրոֆեսիոնալ գյուղատնտես պատրաստելն է, այլ գյուղատնտեսության ոլորտում լավ մենեջերներ ունենալը, ովքեր կկարողանան ճիշտ կողմնորոշվել գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու գործում»,-մանրամասնել է Ա. Մխոյանը և հավելել, որ ծրագրի շրջանակներում պետական աջակցություն կստանան այն մասնակիցներն ովքեր կհանձնեն քննություն և կստանան համապատասխան հավաստագիր: Նախարարի խոսքով, խնդիր է դրված դասընթացների մասնակիցների օգնությամբ ապահովել գյուղատնտեսությունում բարձր բերքատվությունը` կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներն ու գիտական նորույթները: Այն հնարավորություն կտա ապրանքի համար ստանալ ավելի էժան ինքնարժեք, և շուկայի համար ապահովել մրցունակ մթերք:
Գյուղնախարարի տեղեկացմամբ` առաջիկայում կազմակերպելու ենք նաև պտղաբերությամբ, անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և գյուղատնտեսության այլ ճյուղերով զբաղվողների համար դասընթացներ:
Այսպիսով, գյուղատնտեսությամբ զբաղվող բոլոր ցանկացողներն էլ հնարավորություն կունենան առաջիկա կազմակերպվելիք դասընթացներում վերապատրաստվել: