Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին մեղադրել է երկակի չափանիշների կիրառման և երկերեսանիության համար։
Չավուշօղլուն մեղադրել է Եվրախորհրդարանի նախագահին երկերեսանիության համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Շուլցը հայտարարել է, որ Եվրամիությունը միջոցներ կձեռնարկի Թուրքիայի դեմ՝ այդ երկրում մահապատժի վերականգնման դեպքում։ Նա անգամ սպառնացել էր Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցմամբ: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:
«Եթե այդքան ուժ ունեք` դադարեցրե՛ք ԵՄ անդամ երկրների տարածքում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման գործունեությունը»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ այս հարցում նրանք, «ինչպես միշտ», տեսնում են ԵՄ-ի և, մասնավորապես, Եվրախորհրդարանի նախագահի երկերեսանիությունը:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ավելի վաղ իր մտահոգությունն էր հայտնել Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների ձերբակալությունների առնչությամբ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Ավելի վաղ Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն էր իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ են իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում: Ձերբակալված է նաև թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն և գործադիր տնօրեն Աքըն Աթալայը: