Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը տարբեր երկրներում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբերի վերաբերյալ մշտապես դրական գնահատականներ է ստանում:
Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի թիվը հնարավոր է ավելանա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք ունենք ՆԱՏՕ-ի չափանիշներով երկրորդ մակարդակի գնահատական, քննություն ենք հանձնել եւ ստացել ենք խաղաղապահ գործողություններին մասնակցելու օրվանից մինչեւ այսօր մեր ամենաբարձր գնահատականը: Դրական արձագանքներով նամակներ ենք ստանում նաեւ հրամանատարներից: Իհարկե, թերություններ էլ կան, որոնց ուղղությամբ մենք աշխատում ենք: Տարեկան մոտավորապես 12 զորավարժությունների ենք մասնակցում, որից 8-9-ը` արտասահմանյան տարբեր երկրներում, բազմազգ ուժերի կազմում: Աֆղանստանում այժմ ունենք 2 զորախումբ` 56 եւ 65 հոգանոց կազմով, Կոսովոյում` 35 հոգանոց կազմով, իսկ Լիբանանում` 32: Մեր գործընկեր երկրների ներկայացուցիչներն էլ անընդմեջ ցանկություն են հայտնում, որպեսզի համագործակցությունն ընդլայնվի եւ զորախմբերի թիվը եւս զուգահեռ ավելանա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց բրիգադի հրամանատարը` տեղեկացնելով, որ առաջիկայում հնարավոր է մասնավորապես Լիբանանում առաքելություն իրականացնող զորախմբի թիվն ավելանա:
Նա ընդգծեց, որ հայ համայնքը հանդիպումներ է ունենում զինծառայողների հետ եւ ուրախ է, որ հայկական զորախումբը հենց այնտեղ է ծառայություն իրականացնում: