«Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտեն հորդորել է մարդու իրավունքները, խոսքի և մտքի ազատությունը պաշտպանող բոլոր անձանց ներկա գտնվել նոյեմբերի 22-ին կայանալիք դատական նիստին: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր դատավորի փոփոխության պատճառով:
«Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» կոմիտեն կոչ է անում վերջ տալ մտավորականի նկատմամբ անիրավությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտեից տրամադրած հայտարարության մեջ նշվում է, որ հերթական դատական նիստը տեղի կունենա Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատում:
«Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ որպես «Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտե` Նիշանյանի նկատմամբ բանտարկման մասին որոշումն անընդունելի ենք համարում հանրության մտքի և խոսքի ազատության տեսանկյունից: Հորդորում ենք մարդու իրավունքները, մտքի և խոսքի ազատությունը պաշտպանող բոլոր անձանց և կառույցների ներկայացուցիչներին նոյեմբերի 22-ին ներկա գտնվել Չաղլայանի արդարադատության պալատում Ստամբուլի 70-րդ քրեական դատարանի կողմից քննվելիք Նիշանյանի դատին: Մեր բարեկամ և ընկեր Սևան Նիշանյանին իրավական լինչի և խտրականության ենթարկելուն վերջ տալու պահանջով հանդիպում ենք դատական նիստին»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:
Նիշանյանը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ («ժողովրդի մի մասի կրոնական արժեքները նվաստացնելու») հոդվածով` Մուհամեդ մարգարեի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար:
Ստամբուլի, Բուրսայի և Քոնյայի դատարանները առանձին-առանձին դատական գործեր էին հարուցել Սևան Նիշանյանի դեմ 2012 թվականին իր բլոգում կատարած գրառման համար: Ստամբուլի ընդհանուր իրավասության 14-րդ դատարանը պոլսահայ լեզվաբանին դատապարտել էր 13 և կես ամսվա ազատազրկման: Նիշանյանի փաստաբանը բողոքարկել էր որոշումը, ինչից հետո դատարանը որոշում էր կայացրել միավորել տարբեր նահանգներում բացված դատական գործերը:
2014 թվականի հունվարից ազատազրկման մեջ գտնվող Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրենքով իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:
Սևան Նիշանյանը Թուրքիայում մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին: Human Rights Watch կազմակերպությունը հրապարակած զեկույցներից մեկում նշել է, որ Նիշանյանը բանտարկվել է քաղաքական հայացքների պատճառով: