ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու ԵՏՄ երկրների մաքսային ծառայությունների խորհրդի 21-րդ նիստին:
Մաքսային ոլորտում ԵՏՄ երկրների փոխգործակցությունը թույլ կտա գտնել արդյունավետ լուծումներ. ՀՀ վարչապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ այս ձեւաչափով հանդիպումները նպաստում են մաքսային ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը եւ ավելացրել, որ միայն համատեղ ջանքերով հնարավորություն կլինի հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանն ու բիզնեսի կայուն զարգացման համար պայմանների ապահովմանը: Կարեւորելով մաքսային ոլորտում փոխգործակցության զարգացումը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այն թույլ կտա ավելի օպերատիվ արձագանքել խնդիրներին, գտնել փոխընդունելի ու արդյունավետ որոշումներ: Նշելով, որ ԵՏՄ միջկառավարական խորհրդի վերջին նիստում համաձայնեցվել է ԵՏՄ Մաքսային օրենսգրքի նախագիծը՝ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն կդառնա ԵՏՄ իրավանորմատիվային դաշտի հիմնական փաստաթղթերից մեկը եւ կնպաստի միության տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանն ու կբարելավի արտաքին տնտեսական գործունեության պայմանները:
ԵՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարները շնորհակալություն են հայտնել խորհրդի նիստը ՀՀ-ում անցկացնելու պատրաստակամության եւ այն բարձր մակարդակով նախապատրաստելու համար: Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը նշել է, որ ԵՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունումը նոր թափ կհաղորդի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, մաքսային ոլորտում արդյունավետության եւ թափանցիկության բարձրացմանը, առեւտրաշրջանառության դյուրացմանը: