Ալեքսանդր Լապշինի գործում Ադրբեջանը փորձում է նոր «մակարդակի» անցնել եւ Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց քրեական հետապնդում սկսել:
Ստեփանակերտը՝ Լապշինի գործի մասին. Եթե քաղաքացին արտահանձնվի, դա կանդրադառնա Բելառուսի իմիջի վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների փորձերը հասնել Բելառուսից Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը:
«Փորձերը նաեւ ուրիշ պետության ներքին գործերին միջամտություն են համարվում: Փաստորեն, Ադրբեջանը ցանկանում է հասնել օտար պետության քաղաքացու արտահանձնմանը, որ դատի մտացածին «հանցագործության» համար: Դա միջազգային իրավունքի եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ոտնահարում է: Եթե Ադրբեջանն իրեն այդպես է պահում երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ, ապա ոչ մի կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղը վերահսկելու չնչին հնրավորություն իսկ ստանալով՝ ցեղասպանություն կնախաձեռնի»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:
ԼՂ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծեց, որ նման փորձերը պետք է անմիջապես կասեցվեն: «Եթե քաղաքացին, այնուամենայնիվ, արտահանձնվի, դա կանդրադառնա Բելառուսի իմիջի վրա»,- հիշեցրեց Բաբայանը: Նրա խոսքով՝ ամեն դեպքում, Ադրբեջանի իշխանությունների այսպիսի վարքագիծը վկայում է անշեղ դեգրադացիայի մասին: