«Մոսկվայի հայ երիտասարդների ասոցացիան» Արցախի բռնցքամարտի ֆեդերացիային ցուցաբերել է նյութական օժանդակություն, որով արցախցի մարզիկների համար ձեռք է բերվել 25 բռնցքամարտի հագուստ և 15 զույգ ձեռնոց:
Արցախում բռնցքամարտը պետք է զարգացնենք. մարզիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի բռնցքամարտի մարզիչ Գևորգ Թորոսյանը և նշել, որ արդեն այս տարվա մարտ ամսից Ստեփանակերտի մանակապատանեկան մարզադպրոցում անց է կացվում բռնցքամարտի մարզումներ, ուր ներգրավված են 4 տարիքային խումբ. մարզիկների թիվը 77 է:
««Մոսկվայի հայ երիտասարդների ասոցացիայի» մարզիկներից ստացված օգնության մի մասն ուղարկել ենք Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, որտեղ արդեն 3 ամիս է, ինչ անց են կացվում բռնցքամարտի պարապմունքներ: Այդ պարապմունքներին մասնակցում է 17 մարզիկ,-տեղեկացրել է Գ. Թորոսյանը և ավելացրել,- իսկ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում արդեն 3-4 ամիս է, ինչ արդեն բացվել է բռնցքամարտի 2 խմբակ, ուր ընդգրկված է 48 մարզիկ: Պարապմունքներն անց են կացվում Մոնթե Մելքոնյանի անվան նոր մարզահամալիրում: 28 մարզիկ էլ Բերձորում են մասնակցում բռնցքամարտի պարապմունքների: Ես կարծում եմ, մենք պետք է Արցախի բոլոր շրջաններում էլ բացենք բռնցքամարտի խմբակներ, որպեսզի սպորտային այս ձևը մեզ մոտ ավելի զարգանա»:
Ըստ Գ. Թորոսյանի՝ քանի որ բռնցքամարտում սպորտի տարրերը բավականին շատ են, դրա համար էլ այդ ուղղությամբ մենք պետք է լուրջ աշխատանքներ տանենք՝ մեր առջև խնդիր դնելով բռնցքամարտի ասպարեզում նորանոր բարձունքներ նվաճելու:
«Մենք առաջնորդվենք պիտի «Առողջ մարմնում` առողջ հոգի» կարգախոսով: Երեխաների սննդի հարցը ևս պիտի կարողանանք ճիշտ կազմակերպել: Յուրաքանչյուր երեխա էլ պետք է ունենա լավ մարզիչ-մանկավարժ, ով, լրիվությամբ կհասկանա երեխայի հոգեբանությունը և մանկավարժորեն կմատուցի սպորտի ձևերն ու հնարքները, գաղտնիքներն ու նպատակները,-ընդգծել է մարզիչը և ավելացրել,-իմ մարզիկներն առաջնորդվում են այս կարգախոսով՝ «Մեկը` բոլորի համար, բոլորը` մեկի»»: