Այսօր Ստեփանակերտում մեկնարկել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի 2016 թվականին Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին 4000-ական ԱՄՆ դոլարի տրամադրման ծրագիրը:
Ստեփանակերտում տրվել է «Տաշիր» հիմնադրամի՝ Արցախի երեխաներին ֆինանսական աջակցության ծրագրի մեկնարկը (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիսավոր միջոցառման ժամանակ վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել «Տաշիր Գրուպի» հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանին՝ Արցախին մշտապես աջակցելու համար:
«Սամվել Կարապետյանը համարվում է մեր ժամանակների հայ բարեգործության ամենամեծ ներկայացուցիչներից,
ով մշտապես ապրում է հայրենիքի և ընդհանրապես հայ ժողովրդի հոգսերով:
Բարերարի կողմից իրականացվող այս հերթական ծրագիրը մեծապես նպաստել է հանրապետությունում ծնունդների աճին,
և համոզված եմ, որ այն իր բարերար ազդեցությունն է ունենալու Արցախի զարգացման հետագա ընթացքի վրա»,- ասել է վարչապետը:
«Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, շնորհավորելով ծրագրի շահառուներին, նշել է, որ յուրաքանչյուր հայ երեխայի ծնունդ մեծ իրադարձություն է ազգի գոյատևման և զարգացման համար:
«Մեր ընտանիքը հենց այդ գիտակցումով է մոտենում այս կարևոր ծրագրին և ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր մայրերին՝ լուսավոր ու գեղեցիկ երեխաներ հայ ազգին պարգևելու համար»,- ասել է Ն. Կարապետյանը:
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանն ասել է, որ հզոր ու բարեկեցիկ պետության հիմքը առողջ ընտանիքն է, և վերջին 10 տարիների ընթացքում պետական քաղաքականությունն ուղղված է եղել ոչ միայն նոր ընտանիքների ձևավորմանը, այլև՝ ժողովրդագրական աճին:
Նախարարի խոսքով, «Տաշիր» հիմնադրամի կողմից այս աննախադեպ ծրագրի մեկնարկն Արցախում իր կարևոր ազդեցությունն է թողել ժողովրդագրական աճի վրա:
«Եթե 2014թ-ին արցախյան ընտանիքներում ծնված չորրորդ երեխաների թիվը 137 էր, 2015-ին՝ 185, ապա 2016 թ-ին՝ 213 և ավելի, քանի որ դեկտեմբերին ծնվածների մասով թվերը դեռ ճշտվում են: Այս ծրագիրն ուժի մեջ է լինելու 3 տարի շարունակ: Այսինքն՝ այն ընտանիքները, որոնցում 2016-2018թթ.-ի ընթացքում կծնվի 4-րդ երեխան, «Տաշիր» հիմնադրամի կողմից կստանան վերոնշյալ գումարը»,- ասել է Ս. Ավանեսյանը և հավելել, որ բոլոր արցախցիների անունից ցանկանում է երախտագիտություն հայտնել բարերար Սամվել Կարապետյանին:
Շնորհակալություն հայտնելով Սամվել Կարապետյանի ընտանիքին՝ նման աննախադեպ ծրագիր Արցախում իրականացնելու համար, 4 տղաների մայր Անուշ Միրզաջանյանն ասել է, որ նման աջակցությունը շատ մեծ կարևորություն ունի բազմազավակ ընտանիքների համար:
«Այդ գումարով մենք շատ մեծ խնդիրներ ենք լուծելու մեր ընտանիքում: Անչափ շնորհակալ եմ բարերարին»,-ասել է Ա. Միրզաջանյանը:
Մարիամ ու Մարիա երկվորյակ քույրերի մայր Դիաննա Գաբրիելյանն էլ ասել է, որ Սամվելի Կարապետյանի նախաձեռնած ծրագիրը կարևոր շարժառիթ է ընտանիքներում չորրորդ երեխան ունենալու մասին մտածելու:
«Սովորաբար երեք երեխայով շատերը սահմանափակվում են, բայց համոզված եմ հաջորդ տարի ավելի շատ ընտանիքներ կընդգրկվեն ծրագրում: Մեր ընտանիքի համար այս ծրագից օգտվելը ուղղակի հաճելի անակնկալ էր, քանի որ մենք ցանկանում էինք ունենալ մեր երրորդ բալիկը, բայց միանգամից ստացվեց չորրորդը»,-ասել է Դ. Գաբրիելյանը:
«Այս ծրագիրը մեզ համար մեծ նշանակություն ունի և այս գումարով մենք վերանորոգելու ենք մեր բնակարանը՝ մեր երեխաների համար ստեղծելով հարմարավետ պայմաններ:
4 ապագա զինվոր ունեմ ու ամեն ինչ անում եմ, որ նրանք լինեն առողջ ու երջանիկ, դառնան մեր պետության համար պիտանի քաղաքացիներ ու մեր սահմանները հսկող հզոր արծիվներ»,- ասել է Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղի բնակիչ, ծրագրի շահառու Մառլեն Սիմոնյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով բարերարին:
Միջոցառմանն իրենց կատարմուներով հանդես են եկել Արցախի ձայները, իսկ վերջում Արցախում իրականացված բարեգործական ծրագրերի վերաբերյալ «Տաշիր Գրուպի» մասին ֆիլմ է ցուցադրվել: