Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի օգտին համատեղ քարոզչություն ծավալելու նպատակով «Ազատ Հայրենիք» կուսակցության և Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավարներ Արայիկ Հարությունյանը և Աշոտ Ղուլյանն այսօր՝ հունվարի 24-ին, ստորագրել են համատեղ հայտարարություն:
«Ազատ Հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով 2015 թվականի մայիսի 19-ին «Ազատ Հայրենիք» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների միջև ստորագրված հուշագրի տրամաբանությունն ու ոգին՝ խորհրդարանական երկու քաղաքական ուժերն իրենց հաստատակամությունն ու պատրաստակամությունն են հայտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի օգտին համատեղ քարոզչություն ծավալելու»:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ նախաձեռնությունը բաց է Արցախում գործող այլ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար: