2017 թ.-ին ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունն ավարտին է հասցնելու հանրապետության 7 դպրոցում և 4 մանկապարտեզում իրականացվող աշխատանքները:
Այս տարի կավարտենք 7 դպրոցում և 4 մանկապարտեզում իրականացվող աշխատանքները. նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և նշել, որ ԼՂՀ հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հիմնարկների զարգացման ծրագրով 2017 թ.-ի պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել 717.608 մլն դրամի աշխատանքներ:
«Մենք նախատեսում ենք ավարտին հասցնել Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի, Հադրութի շրջանի Ազոխ, Ուխտաձոր, Քաշաթաղի շրջանի Հայկազյան գյուղերի դպրոցների շենքերի և Մարտունուշրջանի Աշան գյուղի, Հադրութի շրջանի Հադրութ քաղաքի դպրոցների մարզադահլիճների և հատակների վերանորոգման, Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղի դպրոցի շենքի տանիքի վերակառուցման աշխատանքները: Տարվա ընթացքում կավարտեն նաև Ասկերանի շրջանի Սարուշեն և Շուշիի շրջանի Քարին տակ գյուղերի մանկապարտեզների կառուցման, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ և Վաղուհաս գյուղերի մանկապարտեզների վերակառուցման աշխատանքները»,- մանրամասնել է Կ. Շահրամանյանը:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ տարվա ընթացքում սկսվելու են Հադրութի շրջանի Հադրութ քաղաքի մարզադպրոցի վերակառուցման, Խծաբերդ գյուղի դպրոցի սպորտդահլիճի կառուցման և Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի դպրոցի կառուցման աշխատանքները: