Ադրբեջանի գործողությունները մարտահրավեր են առաջին հերթին Իսրայելին։
Լապշինի գործով Ադրբեջանը Իսրայելին վճարեց սպառազինությունների համար. Դավիթ Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Բելառուսի Գերագույն դատարանի որոշումը, որը հաստատում է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին վճիռը։
«Ցավոք, երկիրը, որը վերապրել է նացիզմի սարսափները, ինքն է մտել նացիստական պետությունների շարքը։ Բելառուսի Գերագույն դատարանի որոշումն ավել շատ նման է ավտորիտար թյուրքական երկրի մեջլիսի որոշմանը, եւ այն լուրջ վնաս է հասցրել երկրի հեղինակությունը։ Կարծում ենք, որ պակաս դեր չի խաղացել Լուկաշենկոյին Հեյդար Ալիեւի անվան շքանշան հանձնելու փաստը, որը Լուկաշենկոն խոստացել էր վաստակել եւ պահում է խոստումը։ Ընդհանուր առմամբ, Բելառուսի Գերագույն դատարանի վճիռը գնահատում ենք սկանդալային, հակասական»,– ասել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ վստահ է, որ բելառուս ժողովուրդը չի պաշտպանի այդ որոշումը։
Անդրադառնալով հարցին, թե կարող է արդյոք Լապշինի գործը նախադեպ դառնալ այլ երկրների քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման համար, Դավիթ Բաբայանն ասաց, որ տեսականորեն կարող է նման բան պատահել։ «Սակայն ես վստահ եմ, որ հակառակ արդյունքը կստացվի, քան այն, ինչ ակնկալում էր Բաքուն»,– նշեց Բաբայանը։
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նաեւ անդրադարձավ Թել Ավիվի արձագանքին։ «Կատարվածի ֆոնին Իսրայելը պետք է կասեցնի Ադրբեջանի հետ համագործակցությունը։ Արդեն երեւում է, որ Ադրբեջանը «վճարել» է Իսրայելին սպառազինություններ մատակարարելու համար։ Քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ալեքսանդր Լապշինի կյանքը լուրջ վտանգի տակ է լինելու ադրբեջանական բանտում։ Ադրբեջանի գործողություններն առաջին հերթին մարտահրավեր են Իսրայելին»,– ընդգծեց Դավիթ Բաբայանը։
Նա հատկապես շեշտեց, որ դատական կեղծիքը հնարավոր է դարձել Ադրբեջանի կողմից Ինտերպոլը իր ստոր նպատակների համար օգտագործելու շնորհիվ։ «Փաստացի, Ինտերպոլի գծով հետախուզվում է անմեղ մարդ, գործընթացն ընթանում է մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով։ Չի կարելի թույլ տալ, որ Ինտերպոլը վերածվի Ինտերգեստապոյի»,– ասաց Բաբայանը։