Մեկնարկել է «Սիներջի Սիսթեմս» ընկերության կողմից կազմակերպված Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների դպրոցի ընդունելությունը. ընկերությունն անվճար դասընթացներ է կազմակերպելու:
«Սիներջի Սիսթեմս»-ը հրավիրում է ընդունելության
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Սիներջի Սիսթեմս» ընկերության տնօրեն Միքայել Սարգսյանը և հավելել, որ նրանք, ովքեր որպես ծրագրավորողներ ցանկություն ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններում վերապատրաստվելու և աշխատանքի անցնելու՝ կարող են մինչև փետրվարի 26-ը դիմել իրենց ընկերությանը և մասնակցել դասընթացներին:
«Ընդունելությունը կատարվում է 2 փուլով: Նախ բոլոր գրանցվածները կհրավիրվեն թեստավորման, այնուհետև թեստը հաջող հանձնած դիմորդները կմասնակցեն հարցազրույցի փուլին։ Ստուգում ենք դիմորդների մաթեմատիկական մտածելակերպի ունակությունները ու եթե տեսնում ենք, որ մաթեմատիկորեն տրամաբանում են, վերցնում ենք դասընթացների: Արցախի ՏՏ դպրոցը բարձ առաջադիմությամբ ավարտած ուսանողները կանցնեն աշխատանքի «Սիներջի Սիսթեմս»-ի Ստեփանակերտի մասնաճյուղում կամ ոլորտի այլ ճյուղերում»,- մանրամասնել է Միքայել Սարգսյանը և նշել, որ դասընթացներին կարող են մասնակցել 18-30 տարեկան բոլոր ցանկացողները:
Ընկերության տնօրենը նաև տեղեկացրել է, որ «Սիներջի Սիսթեմս»-ում 6 ամիսը կամ տարին մեկ, աշխատակիցների աշխատավարձերը վերանայվում են՝ ըստ աշխատողի մասնագիտական գիտելիքների: