Human Righst Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետք է Ադրբեջանին կոչ անի ազատ արձակել քաղաքական շարժառիթներով ձերբակալված ակտիվիստներին և լրագրողներին:
Ֆրանսիայի նախագահը պետք Ադրբեջանին կոչ անի ազատ արձակել քաղբանտարկյալներին. Human Righst Watch
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Human Righst Watch-ի ներկայացուցիչ Ֆիլիպ Դամը կազմակերպության պաշտոնական կայքում տեղ գտած հոդվածում գրում է. « Նախագահ Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Իլհամ Ալիևին: Հանդիպումից կրկին գեղեցիկ լուսանկարներ կլինեն, սակայն արդյո՞ք Ադրբեջանում իշխանություններին քննադատող անձանց և ընդդիմախոսների ձերբակալությունների ու ճնշումների վերաբերյալ հարցեր կուղղվեն Ադրբեջանին»:
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները անընդհատ հետապնդում, ճնշում և ձերբակալում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ակտիվիստներին, լրագրողներին, իշխանության ընդդիմախոսներին : Վերջին տարիներին ակտիվիստների և լրագրողների ձերբակալությունները ավելի մեծ ծավալներ են ստացել: Ադրբեջանում վերջին տարիներին օրենսդրության մեջ կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, որոնք սահմանափակում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը:
«Մեկ տարի առաջ Ադրբեջանի տնտեսությունը նավթի համաշխարհային գների անկման հետևանքով հայտնվեց ծանր իրավիճակում, և իշխանությունների նկատմամբ դժգոհությունն էլ ավելի մեծացավ. որոշ անձինք, ովքեր ձերբակալվել էին քաղաքական շարժառիթներով ազատ արձակվեցին: Որոշ ժամանակ անց այս անձանց նկատմամբ կիրառվեց երկրից դուրս գալու արգելք, սկսվեց սահմանափակվել նրանց գործունեությունը: Ներկայումս Ադրբեջանում տասնյակ մարդիկ ձերբակալված են քաղաքական շարժառիթներով, և կամայականորեն նրանց առաջադրված են անհիմն մեղադրանքներ: Քաղբանտարկյալներից է նաև Իլգար Մամմեդովը, ում, չնայած միջազգային կազմակերպությունների և հանրության բազմաթիվ պահանջներին, Ադրբեջանի իշխանությունները ազատ չեն արձակում:
Վերջերս քաղաքական շարժառիթներով և անհիմն մեղադրանքներով ձերբակալվել է նաև բլոգեր Մեհման Հուսեյնովը»,- գրում է հոդվածագիրը:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզ, Բրյուսել և եվրոպական այլ մայրաքաղաքներ այցելելով՝ ցանկանում է ակտիվացնել երկրի գործարար կապերը և նոր միջոցներ ներգրավվել, սակայն անտեսում է իր իսկ ղեկավարած երկրում մարդու իրավունքների պաշտպանության, արդարության, լավ և թափանցիկ կառավարման անհրաժեշտությունը»,- նշում է նա:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և մյուսները Ադրբեջանի հետ տնտեսական, քաղաքական կապեր և հորիզոններ հաստատելու փոխարեն պետք է բացահայտ հանդես գան մարդու իրավունքների պաշտպանությամբ, Ադրբեջանի իշխանություններից պահանջեն ազատ արձակել քաղբանտարկյալներին, հարգել մարդու իրավունքները»,- ավելացրել է Ֆիլիպ Դամը:
ԵԱՀԿ մշտական խորհրդում ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ ներկայացուցիչը նշել էր, որ Ադրբեջանի կառավարությունը Մեհման Հուսեյնովին և մյուս ակտիվիստներին պետք է ազատ արձակի, պետք է վերջ տա ճնշումների և ազատազրկումների միջոցով քաղաքացիական ակտիվիստներին լռեցնելու պրակտիկային, պատժի Հուսեյնովի ու մյուսների իրավունքները խախտած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Ապօրինաբար ձերբակալելով Մեհման Հուսեյնովին՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են լռեցնել երկրում տիրող անարդարությունները բարձրաձայնող և իշխանություններին քննադատող ևս մեկ ակտիվ գործչի:
Մեհման Հուսեյնովի և այլ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով Ադրբեջանին անընդհատ դիմում են տարբեր միջազգային նշանակության կազմակերպություններ և կառույցներ, սակայն Ադրբեջանի իշխանությունները անտեսելով այդ պահանջները շարունակում են ճնշումների, հալածանքների ու սահմանափակումների իրենց որդեգրած քաղաքականությունը:
Ադրբեջանցի բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովը ավելի վաղ` հունվարին, ձերբակալվել և ազատ էր արձակվել, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում ճնշումների է ենթարկվել: Նման հայտարարությունից հետո Նասիմիի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են, և Հուսեյնովը զրպարտության հատկանիշներով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: