Ընթացիկ տարվա փետրվարին Արցախում բացվել է ծանրամարտի ասոցիացիա:
Արցախում բացվել է ծանրամարտի ասոցիացիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանն նկատել է, որ Արցախում այնքան էլ ուշադրություն չի դարձվում ծանրամարտին, դա է պատճառը, որ իրենց մոտ միտք հղացավ՝ բացել ծանրամարտի ասոցիացիա:
«Մենք նպատակ ունենք Արցախում զարգացնել ծանրամարտը, որն օլիմպիական մարզաձև է: Ստեփանակերտում ծանրամարտի պարապմունքներին մասնակցում է 32 մարզիկ: Շուշիում ևս անց են կացվում ծանրամարտի պարապմունքներ: Նպատակ ունենք՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունից հրավիրել ծանրամարտի մարզիչներ, որպեսզի Մարտունիում և Մարտակերտում ևս մասնաճյուղեր բացենք,-ասել է Ա. Շիրինյանը և հավելել,- պարապմունքների անցկացման համար մենք որոշակի խնդիրներ ունենք՝ կապված շենքային պայմանների ու անհրաժեշտ սպորտային պարագաների ձեռքբերման հետ: Որոշել ենք՝ մրցաշարերին արցախցի մարզիկները հանդես գան Արցախը խորհրդանշող սպորտային համազգեստով»:
Ասոցիացիայի նախագահի խոսքով՝ Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանին կից բացվելու է ծանրամարտի մարզադպրոց, որտեղ շուշեցի երեխաները կանցկացնեն իրենց պարապմունքները:
«Ապրիլին արցախցի ծանրամարտի մարզիկներն առաջին անգամ մասնակցելու են ՀՀ Վանաձոր քաղաքում անցկացվելիք ծանրամարտի առաջնությանը. այդ առաջնությանը մասնակցելու է 6 արցախցի մարզիկ»,-ասել է ծանրամարտի մարզիչ Արթուր Նահապետյանը և նշել, որ ծանրամարտի պարապմունքներին մասնակցում են 11-18 տարեկան երեխաները:
Ա. Նահապետյանի խոսքով՝ քանի որ ծանրամարտը օլիմպիական մարզաձև է, այդ առումով իրենք ձգտում են Արցախում ավելի արագ տեմպերով զարգացնել ու տարածել այս մարզաձևը: