Ասկերանի բերդում վերականգնողական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են:
Ասկերանի բերդում վերականգնողական աշխատանքներ են ընթանում (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, այս մասին ասել է ԱՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արման Գրիգորյանը և հավելել, որ վերականգման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ նախորդ տարվա վերջից:
«Մարտ ամսից սկսվել է տարվող աշխատանքների հիմնական փուլը: Շինարարական աշխատանքները նախատեսված են ավարտին հասցնել ընթացիկ տարվա վերջում: Ծրագրի ֆինանսավորումը կատարվում է ԱՀ կառավարության կողմից»,- ասել է Ա. Գրիգորյանը:
Զբոսաշրջության վարչության պետի խոսքով, որպես զբոսաշրջային վայր Ասկերանի բերդը զբոսաշրջիկների պակաս չի ունենում, քանի որ գտնվում է «Տիգրանակերտ»-ի արգելոց տանող զբոսաշրջային երթուղու վրա: Վերականգնողական աշխատանքներից հետո էլ ավելի կմեծանա բերդի գրավչությունը, և այն էլ ավելի մատչելի կդառնա զբոսաշրջության համար:
Նշենք, որ Ասկերանի բերդը կառուցվել է միջնադարում: Այն հայտնի է նաև Մայրաբերդ անունով: Ստեփանակերտից գտնվում է 14 կմ դեպի արևելք: 18-րդ դարում այն ենթարկվել է վերակառուցման և ստացել ներկայիս տեսքը: Պարիսպը ունի կլոր աշտարակներ, պատերն ունեն 2մ հաստություն և 9մ բարձրություն, որոնց վրա առկա են հրակնատներ: Պաշտպանական կառույցը ձգվում է ավելի քան 1,5կմ երկարությամբ՝Կարկառ գետի երկու կողմերով: