«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան եվրատեսիլյան փրոմո-արշավի շրջանակում Երևանում է:
«Եվրատեսիլ-2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր երգչուհին այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ և կատարել Կոմիտասի «Կաքավիկ»-ը: Թանգարանում երգչուհուն հետաքրքրել են Կոմիտասի անձնական իրերը, ստեղծած երաժշտությունը, ինչպես նաև այն փաստը, որ Կոմիտասը սովորել է Բեռլինի հեղինակավոր Ֆրիդրիխ Վիլհելմ (այժմ Ալ. Հումբոլտի անվան) արքունի համալսարանի փիլիսոփայության բաժնում: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: Լևինան ծանոթացել է նաև թանգարանում վերջերս բացված «Հնչյուն և լռություն. Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությանը, որտեղ ներկայացված են ազգային նվագարաններ: Գերմանացի երգչուհին փորձել է քանոն նվագել, լսել նվագարաններով տարբեր ժողովրդական կատարումներ, որոնք, իր խոսքերով, շատ տպավորիչ են: Շրջայցի ավարտին Լևինան գրառում է կատարել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Անչափ շնորհակալ եմ հիանալի և հետաքրքիր շրջայցի ու Կոմիտասի մասին պատմելու համար: Ես այսուհետ նրա երաժշտությունն ավելի շատ կլսեմ»: Լևինայի այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների, եվրատեսիլյան երկրպագուների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ: