Ինձ համար մեծ պատիվ է հայկական զինված ուժերում ծառայել:
Մենք՝ հայերս, պարտավորվածություն ունենք՝ պաշտպանել ու պահպանել հող հայրենին. ՊԲ սպա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱՀ ՊԲ սպա Հայասեր Դալաքյանը և ավելացրել, որ յուրաքանչյուր զինվորական էլ այս գիտակցությամբ ծառայում: «Հաղթանակած բանակ ունենալը և նրա շարքերում ծառայելը նաև արժանապատվություն է: Մենք մեր հերոսների արյան գնով ենք ձեռք բերել Արցախի անկախությունը: Պատերազմ տեսած արցախցին, առավել ևս հայրենիքի սահմաններն ամուր ու անառիկ պահող սպան, պարտավոր է բարձր պահել հայրենիքի անվտանգությունն ու խաղաղությունը: Մենք մեծ պատասխանատվությամբ և բարեխղճորեն ենք մոտենում մեր առջև դրված խնդիրներին: Մեր հաղթանակները պայմանավորված են նաև մեր միասնականությամբ: Թշնամին պիտի հասկանա, որ հայն անպարտելի է. հաղթանակը մեր գենի մեջ է, իսկ մենք այն ժառանգել ենք մեր նախնիներից,-ասել է Հ. Դալաքյանը:
Հ. Դալաքյանը մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորել է արցախցիներին և զինակից ընկերներին. «Ցանկանում եմ հայ ժողովրդին հաջողություններ, տևական խաղաղություն, նորանոր ձեռքբերումներ: Մենք՝ հայերս, պարտավորվածություն ունենք՝ պաշտպանել ու պահպանել հող հայրենին»: