Մայիսի 26-ից մեկնարկում է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի կողմից հողօգտագործողներին տրվող արտոնյալ վարկավորման ծրագիրը՝ հացահատիկահավաք կոմբայնների անհրաժեշտ վերանորոգման աշխատանքների համար:
Մեկնարկել է հացահատիկահավաք կոմբայնների վերանորոգման պետական աջակցության ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի արտադրական բաժնի պետ Կարեն Աթայանն ասել է, որ արտոնյալ վարկավորումը տրամադրվում է մինչև 500 հազար դրամի սահմաններում, 6% տոկոսադրույքով և 6 ամիս ժամկետով:
«Հացահատիկային մշակաբույսերի հունձի սեզոնին ընդառաջ` հացահատիկահավաք կոմբայններ ունեցող մեր բոլոր այն քաղաքացիները, ովքեր այդ կոմբայնների վերանորոգման անհրաժեշտություն ունեն, կարող են հայտեր ներկայացնել «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ» և օգտվել այդ աջակցությունից»,- ասել է ոլորտի պատասխանատուն և հավելել, որ ծրագիրն արդեն մի քանի տարի է՝ հաջողությամբ գործում է, և, ըստ նախորդ տարիների վիճակագրության, տարեկան բավարարվել է 50-60 հայտ: